«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մեռնեմ ձեր ճաշակին

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մեռնեմ ձեր ճաշակին
13.09.2013 | 18:21

Իմ կարծիքով ՖԲ-ում գրեթե մեծամասնությունը այս կամ այն կերպ անդրադարձել է տաքսիների, տաքսիստների թեմային: Ֆեյսբուքահայությունից հետ չմնալու համար, որոշեցի ես էլ անդրադառնալ և ցավով նկատեցի տաքսիների տարօրինակ, անգրագետ, անմիտ անվանումները, որոնք, չգիտես ում թեթև ձեռքով, ում թողտվությամբ, որ կազմակերպության անկազմակերպվածության, հսկողության բացակայության պատճառով, լեզվա-բառա-տեղանքային անունների լաբիրինթոսային, խառնափնթոր իրավիճակ է ստեղծվել: Ո՞վ է հավաստագիր, գործունեության թույլտվություն տալիս, հսկողություն իրականացնում այս գործընթացներին: Կա՞ն նման մարմիններ: Տարատեսակ անուններ, քաղաքների, պետությունների անվանումներ, անհասկանալի տառակապակցություններ, անհեթեթ, տարօրինակ ձևակերպումներ, կիրիլիցայով, լատինատառ, մեկ-մեկ էլ հայերեն: Մի զարմանալի մտքի, երևակայության թռիչք, «ճաշակների» փայլատակում ու մրցավազք: Անունների առատությունը քիչ էր, անցել են դրանց փաղաքշական ձևակերպումներին` տաքսի Գագուլիկ, Աբուլիկ, Անուլիկ… Ուլիկներից հետո ուլերը` Գագուլ, Սեդուլ, Դինուլ, Հրաչուլ… Փաղաքշանքի շարքը չի ավարտվում` Թամուշկա, Կառլենչո, Արմենչո, Մերիկո, Վերկա, Յանոկ, Գիգա, Արմենչիկ, Արինոչկա, Արմինկա, Արսո, Հրաչո, ԷրոԷդո, Նոնիտա,Մարինկա… Բա ազնվական կոչումնե՞րը. տաքսի Քուին, Քինգ, Կայզեր, դե լյուքս Կայզեր, Մարկիզա, Բարոն, Կոմս, Պրինց, Փարավոն, Թագուհի... Պատկերացնո՞ւմ եք, գալիս է հին, ջարդված, քարուքանդ եղած տաքսի «Ջենտլմենը», «Էլեգանտը», «Դրայվը», «Կոմֆորտը», ու մեջը նստած անթրաշ, «սպարտիվկայով», ճմրթված դեմքով վարորդը: Հիասքանչ ու աննման… Դե, էլ ի՞նչ հայ, որ մոռանա արվեստը, գրականությունը, առասպելները, աստծուն, տիեզերքը, թվաբանությունը, նույնիսկ համակարգչային, համացանցային տերմինները: Խնդրեմ` տաքսի Ապոլլո, Անգել, Գալաքսի, Սատուռն, Սանի, Լի աստղ, Պեգաս, Ատլանտ, Մարս, Վեներա, Ալֆա և Օմեգա, Գլոբուս, Գալերեա, Ալեգրո, Շանսոն, Ջազ, Կառուզո, Գրացիա, Մոնա Լիզա, Լայք, Օն լայն, Յահու, Վայ Ֆայ, Վեց x հինգ… Մտքի թռիչքների, վառ երևակայության «գոհարներ»` տաքսի Հույսի քարավան, Հոգատար վարպետի ձեռքեր, Մայ լայֆ, Մեծն Տիգրան, իհարկե, նաև Տիգրան Մեծ, Մաշտոց, Զիլլի, Ռանդեվյու, Ռադիո, Մետրո, Վերտու, Վիկինգ, Արջուկ, Կարատ, Սպրուտ, Ալո, Չաո, Բռավո, Ժպիտ, Հրաշք…Իրոք հրաշք, հիշել են երևի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին` տաքսի «Բարև», տաքսի «Դաշինք»… Նստում ես, բարևում ես ու դաշինք ես կազմում: Գազանների, կենդանիների, մրգերի, մարզաձևերի, թիմերի, գրեթե բոլոր ավտոմեքենաների ֆիրմաների անունները, հայկական պատմական և ներկա գավառների, մարզերի, քաղաքների, փողոցների, թաղերի անվանումները: Շատերը գուշակել էին երևի Մաքսային միությանը անդամակցելու հնարավորությունը և կիրիլիցայով «նախշել» են իրենց տաքսիները` Դրուժբա, Ռոսիա, Դանկո, Մոսկվա, Սեմաֆոր, Դուբրովկա, Զալատոյ, Բրատ, Միգ, Կրիստալ, Արբատ, Էքստրա, Ռակետա, Պատրիոտ, Մագնիտ, Տուրիզմ, Զալատոյ Դյուկ… Տարաձև, զանազան գույներով, ձևավորումներով նման անճաշակություն դուք որևէ նորմալ երկրում հանդիպե՞լ եք: Ռուսաստանը չհաշված, չնայած Ռուսաստանը նորմալ երկիր չէ: Ի՞նչն է խանգարում համապատասխան մարմիններին, որոնք պատասխանատու են այս ամենի համար, վերացնել այս «բարդակը» և կանոնակարգել: Էլ չեմ ասում, որ ավտոպարկն անմխիթար վիճակում է, հնարավոր է ստվերի մեծ հնարավորություն, վարորդներից շատ-շատերը բացարձակ չգիտեն և չեն պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները, փողոցների անունները, շատերը հանցագործ անցյալ ունեն, որոշները նաև, հատկապես գիշերները, զբաղվում են կասկածելի գործարքներով: Մի խոսքով, Սոդոմ-Գոմորը ձեզ օրինակ: Հա՛, քիչ էր մնում մոռանայի. նոր բացվող ձեռնարկություններին կարող եմ առաջարկել լավ, հնչեղ, յուրօրինակ, կարևորը, ոչ հայական անուններ` Ասկարիդ, Ամեոբա, Ինֆուզորիա, Գալանտերեա, Դիֆտերիա, Կաֆետերիա, Ասոցիացիա, Կոմունիկացիա, Վիբրացիա… Եվ էլի նման բաներ: Մեռնեմ ձեր ճաշակին, պետք լինի՝ ասեք, անպայման կօգնենք:

Դիտվել է՝ 3365

Մեկնաբանություններ